ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից կփորձի զիջումներ կորզել Վաշինգտոնում կայանալիք երկկողմ հանդիպման ընթացքում, կարծում է Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Հանդիպման նպատակը օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հարցի պահպանումն է, «ցեղասպանություն» բառի արտասանումը թույլ չտալը (ԱՄՆ նախագաի կողմից), ինչպես նաև ղարաբաղյան հարցում որոշակի առաջխաղացման հասնելը»,- ասաց Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
«Ես կարծում եմ, որ այս բոլոր երեք հարթակներում մեր ազգային և պետական շահերի պաշտպանության անհրաժեշտություն կա, սակայն դատելով մեր քաղաքական մեծամասնությունից՝ դա մեզ չի հաջողվի»,- ավելացրեց Մինասյանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի առաջարկությունը՝ Վաշինգտոն այցի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, նախօրեին Հայաստանի նախագահին փոխանցեց թուրքական կառավարության ղեկավարի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆիրուտդին Սինիլիօղլուն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Վաշինգտոնում կմասնակցեն Գլոբալ միջուկային անվտանգության հարցերի գագաթնաժողովին:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: -0-