Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի խաղերը կանցկացվեն ապրիլի 14-18-ը Երևանում, հաղորդեց հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:
«Երևանում խաղերի կազմակերպման համար Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կառավարության պահուստային հիմնադրամից 15 մլն դրամ (37 հազար դոլար) կտրամադրվի»,- հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հաղորդեց Պետրոսյանը:
Ըստ նրա՝ միջոցները կփոխանցվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի վարձակալության և մրցույթները բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ինչպես նշում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, վերջին տարիներին հայ հոկեյիստները բարելավել են իրենց արդյունքները, ինչի մասին վկայում է 2006թ-ի Աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում հոկեյի հայկական հավաքականի 3-րդ տեղը զբաղեցնելը և երիտասարդական հավաքականի հաջողությունները:
Սպորտի նախարարը կարծում է, որ Երևանում 3-րդ դիվիզիոնի խաղերի անցկացումը կնպաստի Հայաստանում հոկեյի զարգացմանը, միջազգային ասպարեզում կբարձրացնի հայ սպորտսմենների վարպետությունը և երկրի սպորտային հեղինակությունը:
Նաև մրցումների արդյունքում կձևավորվի տափօղակով հոկեյի
Հայաստանի ազգային հավաքական, որը կպայքարի 2014թ.-ին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադային մասնակցելու համար: -0-