ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նախօրեին Թուրքմենստանի փոխվարչապետ Խիդիր Սապարլիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության խորացման կարևորությունը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նմանօրինակ այցերը կարևոր խթան նկատելով երկուստեք հարաբերությունների զարգացման համար՝ Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների միջև սերտացող համագործակցությունը, ինչը պիտի նպաստի հայ և թուրքմեն ժողովուրդների բարօրությանը:
Նորին Սրբությունը նաև վերհիշել է Խիդիր Սապարլիևի պաշտոնավարման շրջանը Հայաստանում իբրև Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան` մասնավորապես անդրադառնալով Մայր Աթոռի և Թուրքմենստանի դեսպանատան միջև առկա ջերմ հարաբերություններին:
Իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` փոխվարչապետ Սապարլիևը ուրախությամբ հաստատել է, որ այցը լավ առիթ էր վերանորոգելու իր բարեկամությունը: Փոխվարչապետը Նորին Սրբությանը ներկայացրել է նաև իր այցի մանրամասները:-0-