Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց, թուրքական ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ընթացքում հաստատել է իր երկրի՝ հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանի վավերացնելու պատրաստակամությունը։
«Նախարար Նալբանդյանը վերահաստատեց միջազգային հանրության տեսակետներին համահունչ Հայաստանի մոտեցումները` շարժվելու առաջ, առանց նախապայմանների վավերացնելու և իրագործելու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները եւ այդ ուղղությամբ թուրքական կողմից գործնական քայլերի ակնկալիքը»,- տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-