Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող ռազմագերու փոխանցումը չորեքշաբթի անցել է առանց միջադեպերի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը։
«Ամեն ինչ նորմալ անցավ։ Մեր պայմանը՝ Կարմիր Խաչի ներկայացուցչի պարտադիր ներկայությունը, կատարվեց»,- ասաց Մկրտումյանը։
Ռաֆիկ Ռահման օղլի Հասանովի փոխանցումն անցկացվեց չորեքշաբթի հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ հատվածում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։
Ադրբեջանական զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի 707-րդ մոտոհրաձգային բրիգադի հինգերորդ գումարտակի զինծառայող, շարքային Ռաֆիկ Հասանովը 2008 թվականի հոկտեմբերի 8-ին խախտել էր հայ-ադրբեջանական սահմանը և կամավոր հանձնվել հայկական կողմին՝ այդ քայլը բացատրելով նրանով, որ ադրբեջանական բանակում իրեն ծաղրել ու խոշտանգել են։
Մկրտումյանը նշեց նաև, որ ռազմագերու փոխանցման ժամանակ ադրբեջանական հանձնաժողովին առընթեր Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցչի հետ տեղի ունեցավ զրույց, որի ժամանակ հայկական կողմն իր դժգոհությունն արտահայտեց Ադրբեջանի կողմից Ռազմագերիների Ժնևի կոնվենցիայի խախտման կապակցությամբ։
Հայաստանի ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի խոսքերով, ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանականը խոչընդոտում է հայ ռազմագերիների հետ միջազգային կազմակերպությունների շփմանը և թույլ չի տալիս նամակագրություն հարազատների հետ։
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ներկայում ադրբեջանական գերության մեջ են 6 հայ զինծառայողներ և հինգ հոգուց բաղկացած մեկ հայկական ընտանիք։ -0-