ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (Štefan Füle) այցը Հայաստան կնպաստի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացմանը, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
«Մի քանի օրից սպասվում է Եվրամիության հանձնակատարի այցը: Խոսք կլինի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում բանակցային գործընթացի բավականին լուրջ ակտիվացման և ծրագրով նախատեսված ասոցիացիայի մասին համաձայնագրի մի քանի դրույթների մասին», - ասաց Բեքարյանը:
Նրա խոսքերով՝ այցը կնպաստի եվրոպական ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվ առաջընթացին:
ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում:
Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն (Štefan Füle) երեքշաբթի՝ ապրիլի 6-ին կայցելի Հայաստան:
Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:-0-