ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին նշվող Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը՝ ապրիլի 5-ը, Մեռելոցի օրվա կապակցությամբ ոչ աշխատանքային օր է հայտարարել:
Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի մահվան տոն, Խաչվերաց տոներից յուրաքանչյուրին։
Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ապրիլի 5-ի փոխարեն աշխատանքային օր է հայտարարվել շաբաթ օրը՝ ապրիլի 10-ը։
ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային են լինելու:
Կառավարության որոշման համաձայն, աշխատանքային երկուշաբթիներին (ապրիլի 5, հուլիսի 12, օգոստոսի 16, սեպտեմբերի 13) կփոխարինեն համապատասխանաբար ապրիլի 10-ը, հուլիսի 17-ը, օգոստոսի 21-ը և սեպտեմբերի 18-ը:
Մեռելոց հիշատակի օրը ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։--0—