Սակրավորները վնասազերծել են Երևանի ծայրամասում գտնվող ավտոսրահի մոտ գտնված նռնակը, հինգշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Մարտի 31-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Աճառյան փողոցում` «Hyundai» ցուցասրահ-սպասարկման կենտրոնին հարակից տարածքում, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Երևանի ճանապարհային ոստիկանությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը տեղում պարզել են, որ կենտրոնի հանդիպակած հատվածում` մայթեզրին, ընկած է «Ֆ-1» տիպի նռնակ` բռնկիչով, առանց պաշտպանիչ օղակի:
«Սակրավորների ուժերով նռնակը տեղում վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-