ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2009 թվականին կասեցրել է ընտանեկան նպաստների անօրինական վճարումը 16 հազար ընտանիքների, տեղեկացրեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը։
«Շնորհիվ նախարարության, տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության՝ դադարեցվել է ընտանեկան նպաստների անօրինական վճարումը 16 հազար ընտանիքների, որոնք ընդգրկված են եղել աջակցության ծրագրում ներկայացրած կեղծ տվյալների հիման վրա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։
Ըստ նրա՝ սոցիալական ապահովության նախարարությունը կշարունակի աշխատանքները նմանատիպ նպաստներ ստացող ընտանիքների ցուցակների հստակեցման ուղղությամբ։
Միաժամանակ Մնացականյանը հայտնեց, որ որոշ ընտանիքներ չեն ցանկանում դիմել նպաստի ստացման խնդրանքով մի շարք պատճառներով, օրինակ, «ազգային ինքնասիրության» պատճառով։
Ներկայումս նպաստ ստացողների ցուցակում ընդգրկված է շուրջ 110 հազար ընտանիք։ -0-