Հայկական և հրեական լոբբիների մերձեցումը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, կարծում է հայ-իսրայելական հարաբերությունների հարցով փորձագետ Արտակ Գրիգորյանը:
«Հայկական և հրեական լոբբիների մերձեցումը միանգամայն իրատեսական է, և դա միայն կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա` նախկինում, երբ քննարկվում էր ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ տարբեր ատյաններում, օրինակ, Կոնգրեսում, հրեական լոբբին Թուրքիայի և Իսրայելի որոշ քաղաքական ուժերի ազդեցության տակ միշտ հանդես է եկել հակահայկական դիրքորոշմամբ՝ փորձելով խոչընդոտել գործընթացին։
«Ներկայումս ԱՄՆ հրեական լոբբին ինքն էլ խնդիրներ ունի Սպիտակ տան նոր վարչակազմի հետ, որն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Իսրայելի շահերին արաբաիսրայելական հակամարտությունում։ Նման իրավիճակը համագործակցության անհրաժետություն է ստեղծում։ Եվ ես կարծում եմ, որ փոխգործակցությունը հայկական և հրեական լոբբիի միջև դրական քայլ կդառնա»,- ընդգծեց փորձագետը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-