Հայաստանում սկսվել է Ավագ շաբաթը: Ինչպես հիշեցնում է Արարատյան Հայրապետական Թեմը, Ավագ շաբաթը Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը
Ավագ երկուշաբթին արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» առակը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):
Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան: -0-