Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն եվրոպական և եվրատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, և փոխվարչապետ Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները:
Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում:
Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, և նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները:
Չեխիայի փոխվարչապետը նաև նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել և իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը:
Նախագահ Սարգսյանը, ի դեմս փոխվարչապետ Մարտին Բարտակի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար և նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է:-0-