ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման ասիական բանկի խորհուրոդը հունիսին կքննարկի Հայաստանի համար մոտ 300 մլն դոլար վարկային ծրագրի հաստատման հարցը, ասվում է քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գտնվող Զարգացման ասիական բանկի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ բանկի վարկային միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենում նախատեսված ծավալուն աշխատանքներին, ավտոբուսների ու միկրոավտոբուսների շարժակազմի արդիականացմանը:
Նախնական պայմանավորվածությամբ` հայկական կողմը վարկն ստանալու է առանձին մասնաբաժիններով:
«Առաջին` 85 մլն դոլար մասնաբաժնից հատկացումներ են արվելու նաև մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի շինարարությանը: Այժմ բանկի փորձագետները Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հստակեցնում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Երևանի քաղաքապետը Զարգացման ասիական բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի նոր գործարար կենտրոնի շինարարության ծրագիրը, համաձայն որի` Իսակովի պողոտային հարակից Նորագյուղ թաղամասի տարածքում կառուցապատման խոշոր ծրագիր է իրականացվելու:
Այստեղ նախատեսվում են նաև ճանապարհային նոր հանգույցներ ու հաղորդուղիներ
Քաղաքապետը կարևորել է Զարգացման ասիական բանկի ներդրումային մասնակցությունը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերին:
Զարգացման ասիական բանկը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ։ Հայաստանը ԶԱԲ-ի անդամ է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Զարգացման ասիական բանկի հիմնադրման համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԶԱԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում ԶԱԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար։ -0-