ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլատրել է տարին մեկ անգամ ժամերգություն կատարել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վանա կղզում գտնվող Աղթամար հնագույն հայկական եկեղեցում, հինգշաբթի տեղեկացրել են Վան գավառի վարակազմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ.-ին և մի քանի տարի առաջ վերանորոգվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջոցներով՝ Հայաստանից ներգրավված վարպետների մասնակցությամբ:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները մերժում էին եկեղեցում ժամերգություն կատարելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ Աղթամարը թանգարան է, այլ ոչ թե եկեղեցի:
Վանի գավառապետ Մյունիր Քարաօղլուն NTV հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ եկեղեցին կսկսի գործել 2010 թ.-ի սեպտեմբերին: Նա հիշեցրել է, որ եկեղեցու բացմանն, առաջին հերթին, ձգտում էին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները:
«Աղթամար եկեղեցին ժամերգության համար բացելու Անկարայի որոշումը անհրաժեշտ է դիտարկել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր քայլ», - գնահատում է CNN-Turk հեռուստաընկերությունը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-