ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը Հայաստանի օգտին չէ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար և համանուն խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը Հայաստանի օգտին չէ, և դրանց բովանդակությունն աստիճանաբար մատչելի է դառնում հասարակայնությանը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, թուրքական ղեկավարությունն իր քայլերն իրականացնում է հեռատեսական հեռանկարով, ընդ որում ունենալով բավականին լուրջ ներքին խնդիրներ, որոնց համատեքստում էլ դիտարկվում են հայ-թուրքական արձանագրությունները:
Ընդ որում Մարտիրոսյանը նշեց, որ ամենասկզբից այս արձանագրությունները պարունակել են նախապայմաններ, որոնք չեն բխում Հայաստանի ազգային անվտանգությունից, իսկ դրանց ձգձգումը համապատասխանում է Թուրքիայի շահերին:
«Այսօր Թուրքիայի առաջ գլոբալ առումով կանգնած է երկընտրանք՝ հետևել քեմալական, այլ ոչ թե ազգային ուղղություններին, թե գործել իսլամական և միևնույն ժամանակ ժողովրդավարական ձևով»,- ընդգծեց պատգամավորը, նշելով, որ այս բոլոր ներքին գոևրծընթացները խորը հետք են թողնում հայ-թուրքական արձանագրությունների վրա:
Մարտիրոսյանի կարծիքով, արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման խնդիրն այն է, որ Թուրքիայի իշխանություններն անվերջ մտածում են այն մասին, թե ինչ արձագանք կլինի Թուրքիայում դրանց վավերացումից հետո:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-