Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի կարելի քննարկել առանց փոխզիջումների, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը։
«Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը երբեք չեն դիտարկել ղարաբաղյան հարցն առանց փոխզիջումների խելամիտ սահմաններում, հակառակ դեպքում դա կնշանակի 1994 թվականի հրադադարի վերջն ու ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասաց Հարությունյանը։
Այս կապակցությամբ Հարությունյանն ընդգծեց, որ պատմության մեջ տեղ գտած ոչ մի բանակցային գործընթաց չի կարող ընթանալ առանց փոխզիջումների։
Միաժամանակ նա նշեց ղարաբաղյան ժողովրդի կարգավիճակի վերականգնման անհրաժեշտությունը հանուն պատմական արդարության։
«Ժողովուրդն իրավունք ունի ապրելու այն պետությունում, որն ինքն է ստեղծել, անցնելով մելիքյան ժամանակաշրջանից (կիսաանկախ իշխանություններ) անկախ պետության ժամանակաշրջան»,- ասաց Հարությունյանը։
Հարությունյանը նշեց նաև, որ միշտ կտրականապես դեմ է եղել բանակցային գործընթացից Ղարաբաղի բացառմանը, և պետք է արվի ամեն ինչ Ղարաբաղի մասնակցության վերականգնման համար, առանց ինչի չի կարող լուծվել որևէ հարց։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-