ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009 թ.-ին տուբերկուլյոզով հիվանդացության 1474 նոր դեպք է գրանցվել, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը:
«Եթե 2005 թ.-ին Հայաստանում բացահայտվել է հիվանդացության 2006 դեպք, ապա 2009 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 1474: Այսպիսով, հանրապետությունում 100 հազար մարդու հաշվով հիվանդացության ցուցանիշը կրճատվել է 62,4-ից 45,5-ի», - ասաց Ղուկասյանը:
Միաժամանակ նշելով վերջին տարիներին հանրապետությունում գրանցված համաճարակաբանական հիմնական ցուցանիշների կայունացման միտումը՝ Ղուկասյանն ասաց, որ եթե 2005 թ.-ի արդյունքում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմում էր 6455 մարդ, ապա 2009 թ.-ին այդ ցուցանիշը կրճատվել է՝ կազմելով 3446 հիվանդ:
«2005 թ.-ին մահացու ելքով հիվանդացության դեպքերի թիվը կազմել է շուրջ 167 դեպք, իսկ 2009 թ.-ի այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 127-ի: Այսինքն, 100 հազար մարդու հաշվով մահացության ցուցանիշը 2005 թ.-ի արդյունքում կրճատվել է 5,2-ից մինչև 2009 թ.-ին 3,9», - ասաց Ղուկասյանը՝ նշելով Հայաստանում իրականացվող տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի արդյունավետությունը:
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հատուկ մշակված DOTS ռազմավարությունը ներդրվել է 1995 թ.-ին:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մեժլումյանը, 2003 թ.-ին կառավարության որոշմամբ ընդունվել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը:
Սակայն, նրա խոսքերով, ժամանակի ընթացքում նոր ծրագրի մշակման անհրաժեշտություն է հասունացել: Եվ 2006 թ.-ին, հաշվի առնելով ԱՀԿ-ի փորձագետների խորհուրդները, մշակվել է տուբերկուլյոզի դեմ պայքարի նոր ազգային ծրագիր, որը նախատեսված է 2007 թ.-ից մինչև 2015 թթ.:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է մարտի 24-ին: Տուբերկուլյոզը ինֆեկցիոն մանրէաբանական հիվանդություն է, որն առաջանում է տուբերկուլյոզի միկրոմանրէից, որն առավել հաճախ ախտահարում է թոքերը: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով:
Գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը 1882 թ.-ի մարտի 24-ին հանդես է եկել տուբերկուլյոզի հարուցիչ միկրոմանրէի հայտնագործման մասին հայտարարությամբ, որը հետագայում կոչվեց Կոխի ցուպիկ կամ բացիլ: 1982 թ.-ին Ռոբերտ Կոխի հայտանգործության հարյուրամյակի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Տուբերկուլյոզի և թոքերի հիվանդության դեմ պայքարի միջազգային միությունն առաջարկել են մարտի 24-ը պաշտոնապես համարել Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
1993 թ.-ին տուբերկուլյոզը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց գլոբալ խնդիր, և չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակը մնում է բավականին լարված: Ըստ ԱՀԿ-ի վիճակագրության՝ ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզով հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ, ամեն տարի աշխարհում հիվանդությունը 2 միլիոն կյանք է խլում, ամեն օր աշխարհում մահանում է շուրջ 5 հազար մարդ:-0-