Երևանում աշնանը կանցկացվի «Վելոտրեկ» ռոք-փառատոնը

24.03.2010, 11:28
Երևանում աշնանը կանցկացվի «Վելոտրեկ» ռոք-փառատոնը
Երևանում աշնանը կանցկացվի «Վելոտրեկ» ռոք-փառատոնը

Երևանում աշնանը ծրագրվում է վերստեղծել «Վելոտրեկ» ռոք-փառատոնը, հայտնեց Barseghyan Media Factory ընկերության տնօրեն Էդգար Բարսեղյանը:

«Մենք ծրագրում ենք վերստեղծել «Վելոտրեկ» հայկական ռոք-փառատոնը, որը տեղի է ունեցել Երևանում 29 տարի առաջ: Դա այն ժամանակ ամենախոշոր ռոք-փառատոնն էր Խորհրդային Միությունում», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

«Երևան-81» առաջին համամիութենական փոփ-ռոք-փառատոնն անցկացվել է Երևանի վելոտրեկում 1981 թ.-ին: Փառատոնին մասնակցել են երկրի լավագույն երաժիշտները, այդ թվում՝ Պավել Սլոբոդկինի «Վեսյոլիյե րեբյատա» վոկալ-գործիքային անսամբլը, Վալերի Լեոնտևը, Տինիս Մյագին, Ժաննա Բիչևսկայան, «Մագնետիկ Բենդը»՝ Գունար Գրապսի ղեկավարությամբ, Հայաստանից «Կռունկ» խումբը, Թուրքմենստանից «Գունեշ» վոկալ-գործիքային անսամբլը, Հայաստանի էստրադային նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, Ստաս Նամինի խումբը: Փառատոնին մասնակցած բոլոր երաժիշտները դարձան փառատոնի դափնեկիրներ:

Բարսեղյանի խոսքերով՝ կազմակերպիչները ծրագրում են համախմբել փառատոնին մասնակցած բոլոր կոլեկտիվներին, որոնց հնարավոր է այսօր գտնել, ինչպես նաև հրավիրել յոթ-ութ նոր և արժանի խմբերի:

«Մենք ծրագրում ենք հյուրեր հրավիրել Ռուսաստանից, Վրաստանից, հեռավոր արտասահմանից, օրինակ՝ Ska-P իսպանական խմբին»- պարզաբանեց նա:

Ska-P-ին իսպանական սկա-պանկ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին Մադրիդում: Չնայած նրան, որ խումբն ունի չափազանց ձախ, անարխիական քաղաքական հայացքներ, այն շարունակում է մնալ Իսպանիայի և Եվրոպայի ամենահայտնի սկա-պանկ խմբերից մեկը:-0-