Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին. նախագահ

23.03.2010, 19:55
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը տարածաշրջանային համագործակցության կողմնակիցն է, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում: 

«Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձևը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջև կարող են լինել հակասություններ և տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է»,- ասել է երկրի ղեկավարը:

Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հստակեցնելու այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն և շահագրգռություն առաջացնել:

«Միայն այդ ձևով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ և մեծ հարցերի լուծումը»,- նշել է ՀՀ նախագահը:-0-