Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին օրերի տեղեկատվական ակտիվությունը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախանշան չէ, կարծում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը
«Ես վերջին օրերի տեղեկատվական ակտիվությունը մոտ ժամանակներս ռազմական գործողությունների վերսկսման նախանշան չեմ համարում: Իմ կարծիքով՝ այդ ակտիվացումը արհեստական է»,- Սաղաթելյանն ասաց լրագրողներին Մամուլի ազգային ակումբում:
Նա հավելեց, որ վերջին օրերին հայկական ԶԼՄ-ներում տարածվող հնարավոր պատերազմի մասին տեղեկատվությունը ադրբեջանական մամուլում և նրանց հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող որոշ ռուսական ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկատվության ռեֆլեքսիան է:
Սաղաթելյանի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային լուծման մասին խոսակցություններն ակտիվացնում է ադրբեջանական կողմը: Փորձագետն ավելացրեց, որ Ադրբեջանը մեքենայական նպատակներով ակտիվորեն օգտագործում է մի շարք ադրբեջանական, թուրքական և վերջին շրջանում շատ հաճախ վրացական տեղեկատվական հարթակները:
Ըստ նրա՝ օգտագործվում են նաև ռուսական, ոչ հեղինակավոր հարթակներ՝ հայկական կողմի արձագանքը ստուգելու համար:
Սաղաթելյանն ընդգծեց, որ հայկական ԶԼՄ-ները պետք է շատ պատասխանատու մոտենան այդ հարցի լուսաբանմանը: «Ժամանակակից պատերացմները մարտի դաշտի կողքին, և անգամ ավելի շուտ, վարվում են տեղեկատվական ու հոգեբանական դաշտերում, և մենք բոլորս պետք է գիտակցենք մեր պատասխանտվությունն ու հասկանանք, որ հասրակայնությունը որոշակի եզրակցության է գալիս՝ ընթերցելով այն, ինչ մենք գրում ենք»,- նշեց նա:
Նա հավելեց, որ չնայած անցյալի համեմատ հայկական ԶԼՄ-ներն ավելի ուշադիր են դարձել արտասահմանյան աղբյուրների հանդեպ, ավելի բծախնդիր՝ դրանց ընտրության հարցում, բայց որքան աճում է տեղեկատվական հոսքերի արագությունը, այնքան ավելի դժվարանում է լրագրողներին ու խմբագիրների աշխատանքը, այդ իսկ պատճառով պետք է աճի նաև զգոնությունը:
Փորձագետը նշեց նաև, որ Հայաստանն այժմ տեղեկատվական պատերազմ՝ որպես այդպիսին, Ադրբեջանի հետ չի վարում, քանի որ տեղեկատվական պատերազմը ենթադրում է այլ գործողություններ՝ ի տարբերություն նրանց, որոնք այժմ ձեռնարկվում են հայերի կողմից: «Մենք այժմ գտնվում ենք տեղեկատվական հակազդեցության որոշակի գործընթացում»,- ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-