Աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել. Պետական անասնաբուժական տեսչություն

23.03.2010, 15:57
Աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել. Պետական անասնաբուժական տեսչություն
Աֆրիկյան ժանտախտը Տավուշի մարզում 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել. Պետական անասնաբուժական տեսչություն

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աֆրիկյան ժանտախտը ՀՀ Տավուշի մարզում արդեն 346 գլուխ խոզի անկման պատճառ է դարձել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գյուղնախարարության Սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

«Ընդ որում 44 խոզ սատկել է հիվանդությունից, իսկ 302-ին ստիպված են եղել սպանել հիվանդության տարածումը կանխելու նպատակով»,- ասաց Բաղյանը:

Ըստ նրա՝ չնայած կառավարության ձեռնարկած միջոցներին՝ վիրուսը տարածվելու միտում ունի:

«Ներկայումս հինգ համայնքներում, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է, կարանտին է մտցվել, և արգելվել է մսամթերքի արտահանումը»,- ասաց նա՝ նշելով ընդ որում, որ վիրուսը վտանգավոր չէ մարդկանց համար:  

Բաղյանը հայտնեց, որ աֆրիկյան ժանտախտի դեմ որևէ դեղամիջոց կամ պատվաստում չկա, և միակ միջոցը հիվանդ կենդանիներին սպանելն ու թաղելն է:

«Մենք կոչ ենք անում բոլոր գյուղացիներին իրենց խոզերին փակ տարածքներում պահել հիվանդ կենդանիների հետ շփումը կասեցնելու նպատակով»,- ասաց նա:

Բաղյանի խոսքերով՝ չի բացառվում, որ ժանտախտի բռնկումն այս տարի 2007 թ.-ի համաճարակի հետևանքով է:

«Աֆրիկյան ժանտախտը տարածվում է նաև վարազների շրջանում, որոնց սպանությունն ու թաղումը հնարավոր չէ ապահովել: Հնարավոր է, որ անտառներում պահպանվել են հիվանդ վարազների դիակներ, որոնք էլ նոր բռնկման օջախ են դարձել»,- նշեց Բաղյանը:

Նա ընդգծեց, որ առայժմ չի քննարկվում գյուղացիների վնասի փոխհատուցման հարցը:

«2007 թ.-ի համաճարակից հետո, երբ սպանվեց շուրջ 15 հազար գլուխ խոզ, պետությունը գյուղացիներին որպես փոխհատուցում հատկացրեց 360 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար)»,- ասաց նա՝ հավելելով, որ այս անգամ ևս փոխհատուցում կտրվի:-0-