Ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը հունից հանել է ադրբեջանական կողմին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լեզվակռիվը սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, որի ժամանակ նա առաջարկեց Բաքվին ստորագրել ուժի չկիրառման համաձայնագիր, ինչը «կծառայի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև վստահելի հարաբերությունների հաստատմանը», - ասվում է թերթում:
«Այդքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչն է հունից հանել ադրբեջանական կողմին, քանի որ Հայաստանի ղեկավարի առաջարկը համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թարմացված Մադրիդյան սկզբունքներին, որոնք ամբողջովին բացառում են ուժի կիրառումն և դրական են գնահատվել Բաքվի կողմից», - նշում է հոդվածի հեղինակը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս թեմայի շուրջ կարծիք է հայտնել Բաքվում Նովրուզ Բայրամի տոնակատարության ժամանակ: «Բանակցությունների հիմնական մասն ավարտված է: Կարող եմ ասել, որ ներկայացված առաջարկությունները, փոքր բացառությամբ, ամբողջովին համապատասխանում են Ադրբեջանի ազգային շահերին»:
Նրա խոսքերով, «բանակցային գործընթացի ընթացքում ներկայացված առաջարկներն ապահովում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաքվի վերահսկողության տակ են վերադարձվում օկուպացված տարածքները»: «Եթե մյուս կողմը կառուցողականություն դրսևորի և համաձայնի առաջարկված տարբերակին, ապա մենք կարող են ավելի արագ առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման հարցում», - հայտարարել է Իլհամ Ալիևը և ընդգծել, որ Ղարաբաղ երբեք անկախ պետություն չի լինի:
«Երևանում միանգամից արձագանքեցին ոչ պակաս ծաղկուն հայտարարությամբ այն մասին, որ ավելի շուտ երկինքը փուլ կգա, քան Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ՝ հիշեցնելով մասին, թե ինչի հանգեցրեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրելու չկամությունը», - նշում է թերթը:
Թերթը հիշեցնում է, որ կիրակի ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հերքեց ԼՂՀ-ում Բաքվի իրավազորության շուտափույթ վերականգնման մասին Ադրբեջանի նախագահի խոսքերը: «Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիեւը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային»:
Միաժամանակ ինչպես հիշեցնում է թերթը, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ շփման գծում տիրող իրավիճակը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն սրվել է: ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, Ադրբեջանցի զինծառայողները մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի տարբեր հատվածներում 98 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: «Միայն մարտի 15-ին ժամը 17-19-ը Ղարաբաղի դիրքերի շփման գծի հարավարևելյան հատվածի ուղղությամբ հակառակորդը դիպուկահար հրացանից 13 գնդակ է արձակել: Նույն տիպի դիպուկահար հրացանից գնդակոծման տասնյակ փաստեր են գրանցվել նաև առաջնային գծի այլ հատվածներում: Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակոցները», - նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
Բացի այդ, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, «ԼՂՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն արձանագրել են, որ հակառակորդը օդուժի զորավարժություններ է անցկացում սահմանամերձ տարածքում: ԼՂՀ օդային սահմանի խախտումներ չեն գրանցվել»:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հեռախոսով հաստատել է «Նեզավիսիմայա գազետային»: «Իրավիճակը, իսկապես, սրվել է: Սակայն մենք սովորել ենք, որ տոն օրերն ադրբեջանցիները սկսում են «պղտորել», այժմ Նովրուզ Բայրամն է....Սակայն իրավիճակը գտնվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ, և որևէ արտառոց բան չի գրանցվել», - «Նեզավիսիմայա գազետային» է ասել Բաբայանը:
Նրա խոսքերով՝ ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն առաջին անգամը չէ, որ հնչում է, սակայն ադրբեջանական կողմն ամեն անգամ հրաժարվում է: «Նմանատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԼՂՀ ղեկավարությունը: Գաղափարը դրական են գնահատել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր համակարգում են բանակցությունները: Սակայն տեղաշարժեր չկան», - ասել է Բաբայանը:
Թերթը նշում է, որ «կախված» է մնացել նաև բանակցությունների սեղանին ԼՂՀ ներկայացուցիչների հնարավոր վերադարձի հետ կապված հարցը՝ չնայած Բաքուն արդեն սկզբունքային առարկություններ չունի:
«Այստեղ մի նրբություն կա. հանուն ինչի՞ վերադառնալ: Եթե ադրբեջանական կողմը փորձի փոխել իրավիճակն ու վերադառնալ 1988 թ.-ի հարցերին, ապա նման երկխոսությունն անիմաստ է: Իսկ եթե նա պատրաստ է սկսել զրոյից, այսինքն հաշվի առնել այսօրվա իրողությունները, ապա Ստեփանակերտը «կողմ» է», - եզրափակել է Բաբայանը:-0-