Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող մասնակցի ելույթներն արդեն հաստատվել են եվրոպական ութ երկրներում
«Եվրատեսիլ 2010»-ի ազգային ընտրական փուլի հաղթող Եվա Ռիվասը promo-tour-ի շրջանակներում ելույթ կունենա եվրոպական մի շարք երկրներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Նրա խոսքերով՝ արդեն ելույթների պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի և Մալթայի հետ:
Սահարյանն ընդգծեց, որ սրանք միայն այն երկրներն են, որտեղ արդեն հաստատվել են Ռիվասի ելույթները, և երգչուհին անպայման կայցելի դրանք: Միաժամանակ նա նշեց, որ հնարավոր է երկրների ցանկն ընդլայնվի:
Հայաստանում Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրական փուլի ժամանակ SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Դոնի Ռոստովում բնակվող 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը, ով ներկայացնում է «Apricot stone» երգը:-0-