ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ձախողում առաջիկայում չի սպասվում, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը վերջնականապես կձախողվի միայն այն դեպքում, եթե կողմերից մեկը հետ կանչի իր ստորագրությունն արձանագրությունների տակից կամ տապալի դրանք խորհրդարանի քվեարկության ժամանակ։
«Այսօր մենք միանշանակ կարող ենք ասել միայն, որ առկա է որոշակի սպասման փուլ, որը որոշ վերլուծաբաններ մեկնաբանում են որպես մի փուլ, որը հույս է ներշնչում, որ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները»,- ասաց նա։
Ըստ նրա՝ մի խումբ վերլուծաբաններ կարծում են, որ թուրքական խորհրդարանը չի ցանկանում վավերացնել և չի վավերացնի այդ արձանագրությունները։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: