Սլովակիան մտադիր չէ միջամտել ղարաբաղյան կարգավորման հարցին, հինգշաբթի Երևանում ասաց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ բրիֆինգի ժամանակ:
Ինչպես նշեց նախարարը, ԵՄ-ն մեծ ուշադրությամբ է հետևում ղարաբաղյան խնդրին:
Նրա խոսքերով՝ Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և գործընթացին, որը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա:
«Տվյալ դեպքում մենք մտադիր չենք որևէ այլ կերպ միջամտել այդ գործընթացին, քանի որ կարծում ենք, որ գործընթացն ունի իր չափանիշերը, կան Մինսկի խմբի համանախագահները, և մենք աջակցելու ենք հենց այդ կառույցներին, որոնք արդեն ստեղծված են»,- ասաց Լայչակը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-