Ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և կշարունակվեն համանախագահների՝ Երևան և Լեռնային Ղարաբաղ կայանալիք այցի ընթացքում, ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում նախօրեին տեղադրված ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքների վերջին ձևակերպումների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունները», - ասվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա և խոչընդոտում են դրանց առաջընթացը
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-