Սերգիև-Պասադ և Էջմիածին քաղաքների միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել երեքշաբթի Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի նստավայրում:
Համաձայնագիրը կնքել են երկու քաղաքների քաղաքապետներ Կարեն Գրիգորյանն ու Նիկոլայ Մասլովը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ներկայությամբ:
Ինչպես համաձայնագրի կնքումից հետո հայտարարեց Էջմիածնի քաղաքապետը, հատկանշական է, որ համագործակցության մասին համաձայնագիրը կնքվում է երկու ժողովուրդների հոգևոր առաջնորդների ներկայությամբ:
«Սա մեր ժողովուրդների միջև մեծ բարեկամության ևս մեկ ապացույց է»,- ասաց Գրիգորյանը: Իր հերթին Մասլովն ընդգծեց երկկողմ կապերը ամրապնդելու քայլերի անհրաժեշտությունը:
Պատրիարք Կիրիլը Հայաստան է ժամանել երեքշաբթի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Պատրիարքի հանդիպման հանդիսավոր արարողություն:
Այնուհետև Պատրիարք Կիրիլը ծաղկեպսակ կդնի 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին: Երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը ներկա կգտնվի «Էջմիածին» Երիտասարդության տանը կայանալիք համերգին:-0-