Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության պայմանագիր կստորագրվի

16.03.2010, 13:12
Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության պայմանագիր կստորագրվի

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը:

Նրա խոսքերով՝ Բաղդասարյանն ու Պատրուշևը կքննարկեն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրում:

Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկողության  դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի հետ:

Նախատեսվում է հանդիպում ՌԴ-Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարության հետ:-0-