Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Գերմանիա, տեղեկացնում է հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` առաջիկա այցի մանրամասները նախօրեին քննարկել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն։
Նալբանդյանը նախօրեին մեկօրյա պաշտոնական այց կատարեց Բեռլին, որից հետո աշխատանքային այցով մեկնեց Փարիզ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ նախագահի այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև Նալբանդյանի հանդիպմանը Գերմանիայի կանցլերի արտաքին և պաշտպանական ու անվտանգության հարցերով խորհրդական Կրիստոֆ Գոյսգենի հետ։
«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-