Ադրբեջանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի էությունը աղավաղելու փորձերից. ՀՀ ԱԳ փոխնախարար

16.03.2010, 11:31
Ադրբեջանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի էությունը աղավաղելու փորձերից. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ադրբեջանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի էությունը աղավաղելու փորձերից. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը չի հրաժարվում ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները և բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից, լրագրողներին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային գործընթացի կողմնակիցն է:

«Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ, չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին»,- հայտարարեց փոխնախարարը:

 

Շավարշ Քոչարյանը հիշեցրել է կարգավորման համաձայնեցված սկզբունքները` ժողովուրդների ինքնորոշումը, տարածաքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը: «Մինչև ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների վերացումը»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

Նրա խոսքերով՝ եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է վերացնել իր իսկ ագրեսիայի հետևանքները, ապա նա պետք է պատրաստ լինի դուրս բերել զորքերը իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներից և ապահովել փախստականների վերադարձը:

 

Դիվանագետն ընգծել է, որ Ադրբեջանը շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը` հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Իրականում խնդիրը կայանում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման և դրա դեմ ուժ կիրառած Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Քոչարյանի խոսքով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՄԱԿ-ի 4 նպատակներից մեկն է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման հարգումը, իսկ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է այդ նպատակին  հասնելու համար:

«Ադրբեջանը շարունակում է գործել, թե ՄԱԿ-ի նպատակների, թե ինքնորոշված ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ, ինչը հանդիսանում է հիմնական խոչընդոտը բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում»,- ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի  հայտարարել էր, որ «Ադրբեջանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային գործընթացին, քանի որ գիտե, որ մեկ օրվա ընթաքում բոլոր խնդիրները լուծելն անհնար է»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-