Լեհաստանի հայ համայնքն առաջիկայում կունենա իր հոգևոր հովիվը, գոհունակությամբ նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ի դեմս վարչապետի, Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Լեհաստանի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում, որոնք ընդլայնվում են և նորանոր ոլորտներ ընդգրկում:
Իր հերթին Լեհաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա անդրադարձավ հայ-լեհական հարաբերություններին՝ կարևորելով հավատքի և եկեղեցու առաքելության դերը ժողովրդի կյանքում։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին, ինչպես նաև Հռոմի Սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած այցին: -0-