Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է անցումային կարգավիճակ ստեղծվի Լեռնային Ղարաբաղի համար, ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ:
«Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է միջանկյալ կարգավիճակ ապահովի Ղարաբաղի համար, որը կապահովի անվտանգության երաշխիքներ, տարածքների պրոգրեսիվ վերադարձ, ինչպես նաև մինչ պատերազմի սկիզբը Ղարաբաղում բնակվող բնակչության վերադարձ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի պահպանում, միջազգային ուժերի ներկայություն, որոնք կնպաստեն խաղաղության պահպանմանը», - ուրբաթ ասաց Ֆասիեն:
Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաճախ հիշատակվում է կոսովյան նախադեպը, քանի որ կոսովյան խնդրի լուծման որոշ մեխանիզմներ կարող են օգտակար լինել նաև Ղարաբաղի համար:
Այդ պատճառով, ինչպես պարզաբանեց, Ֆասիեն, միջնորդներն առաջարկում են լուծել բոլոր հարցերը, որոնք հնարավոր է կարգավորել, և միայն դրանից հետո լուծել կարգավիճակի հարցը, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում:
«Հենց այդ պատճառով անհրաժեշտ է որոշակի անցումային կարգավիճակ ստեղծել Ղարաբաղի համար, մինչև համաշխարհային հանրությունը կճանաչի նրա անկախությունը», - ասաց համանախագահը:
Միաժամանակ ֆրանսիացի միջնորդն ավելացրեց, որ կոսովյան նախադեպն Ադրբեջանին ավելի զգուշավոր, ուշադիր և զսպված դարձրեց, այն դեպքում, երբ հայերն ու ղարաբաղցիներն ընդգծում են ղարաբաղյան հարցը լուծելիս կոսովյան նախադեպին հետևելու անհրաժեշտությունը:
«Սակայն այն, ինչ հնարավոր էր Կոսովոյի դեպքում, չի կարելի կիրառել Ղարաբաղի դեպքում... Ղարաբաղը ճանաչված չէ աշխարհի ոչ մի երկրի կողմից, այդ թվում նաև Հայաստանի», - ասաց Ֆասիեն՝ ավելացնելով, որ Ղարաբաղի և Կոսովոյի հարցերն անհամեմատելի են, քանի որ նրանց միջև բազմաթիվ տարբերություններ կան:
«Կոսովյան հարցն առաջացել է մի պետության սահմաններում, այն դեպքում երբ ղարաբաղյան հակամարտությունը մի քանի կողմերի հակամարտություն է», - ասաց Ֆասիեն:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-