Երևանը դրական կգնահատի IPAP իրականացումը

09.03.2010, 15:48
Երևանը դրական կգնահատի IPAP իրականացումը
Երևանը դրական կգնահատի IPAP իրականացումը

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ դրական է գնահատել ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարումը (IPAP), հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը։  

Նիստը վարել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով կատարված աշխատանքը` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրով իրականացվել են շուրջ 122 միջոցառումներ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի ՆԱՏՕ-ի հետ կանցկացվեն «Արմենիա 2010» համատեղ զորավարժությունները արտակարգ իրավիճակների ոլորտում, ուստի պետք է ավարտել քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, ռազմական ուսումնական դոկտրինի մշակումը:

«Նախանշված բոլոր ծրագրեն արդյունավետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի 2010 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հետ նոր ծրագրի մշակման ժամանակ ավելի բարձր նշաձողեր սահմանել և նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնել»,- նշել է նա:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների ծրագրով 2009 թվականին արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում կատարված աշխատանքները:

Նշվել է, որ ՆԱՏՕ-ի գնահատման խումբը  Հայաստան կատարած այցի ընթացքում ևս դրական է գնահատել անհատական գործընկերության  գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:-0-