ՀՀ խորհրդարանը պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ չսպասելով Թուրքիայի խորհրդարանի նմանատիպ քայլին, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«Մենք պետք է հետագայում ևս մեր ակտիվամետությունը դրսևորենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եթե մենք էլ ձգձգենք գործընթացը, ապա Թուրքիան կարող է օգտագործել դա որպես արդարացում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը:
Փորձագետի խոսքերով՝ հայկական կողմը պետք է զինվի համբերությամբ և գործողությունների հետևողականությամբ, «և պետք չէ հապճեպ արձագանքել թուրքական կողմի յուրաքանչյուր սադրիչ հայտարարության»:
Բացի այդ, Գրիգորյանի կարծիքով, անհրաժեշտ է տարբերել հաշտեցման գործընթացը դիվանագիտական հարաբերությունների հաստատման քաղաքական գործընթացից:
«Հաշտեցման գործընթացը, այսինքն պատմական խնդիրների լուծումը, կարող է երկար տարիներ տևել: Արձանագրություններում նախատեսված չէ պատմական խնդիրների արագ լուծում», - նշեց նա:
Փորձագետի խոսքերով՝ կարևոր է նաև թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հարցը լուծել միայն երկխոսության միջոցով:
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--