ՀՀ Զինված ուժերը վնասազերծել են ադրբեջանական դիվերսիոն խմբին. ՊՆ

05.03.2010, 19:51
ՀՀ Զինված ուժերը վնասազերծել են ադրբեջանական դիվերսիոն խմբին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Զինված ուժերը վնասազերծել են ադրբեջանական դիվերսիոն խմբին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ:

«Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարության տվյալներով, դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:-0-