Տարեկան շուրջ 100 հայ դիմորդներ ընդունվում են ամերիկյան բուհեր՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ուսումնական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության մշակութային բաժնի ղեկավար Սյուզան Բրայդենսթայնը:
«Ուսումնական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ամեն տարի շուրջ 100 հայ դիմորդ հնարավորություն է ստանում սովորելու Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ու քոլեջներում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ից դիմորդների թիվը զգալիորեն ցածր է, և տատանվում է տարեկան 3-5-ի սահմանում»,-նշեց Բրայդենսթայնը:
Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ ուսումնական ծրագրերի ընդլայնման առնչությամբ այդ ցուցանիշները ժամանակի ընթացքում կաճեն:
Բրայդենսթայնը ավելացրեց, որ մշակութային, կրթական ու մասնագիտացված ծրագրերի կողքին կիրականացվեն նաև փոխանակման մարզական ծրագրեր:
Փորձագետի խոսքերով, ավելի քան 50 տարի ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է ուսումնական փոխանակման ավելի քան 20 ծրագիր, որոնց արդեն մասնակցել են տասնյակ հազարավոր դիմորդներ, ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ շրջաններից:
Բրայդենսթայնը նշեց, որ դիմորդների ապրելն ու սովորելը լիովին անվճար է:
«Ծրագրի շահառուներն են ինչպես դպրոցի ավագ դասարանցիները, այնպես էլ կրթական աստիճան ունեցող մասնագետները: Ծրագրերը ԱՄՆ-ում սովորելու, անմիջապես ամերիկյան ընտանիքներում բնակվելու հնարավորություն են տալիս»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Բրայդենսթայնը նշեց, որ այս ծրագրերի իրականացումը նաև նպաստում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդմանը:-0-