ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից կինոարվեստը, հատկապես հոլիվուդյան կինոն, մեծ հաշվով ոչ մի ընդհանուր բան չունի արվեստի հետ, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան:
«Ամերիկյան ֆիլմերը հաշվարկված են լայն հանդիսատեսի համար: Այնտեղ խոսք չի կարող գնալ արվեստի մասին, քանի որ իսկական արվեստի պահանջարկը ժամանակակից աշխարհում շատ փոքր է»,- ասաց Կուստուրիցան:
Լեգենդար ռեժիսորի խոսքերով, Հոլիվուդը ձգտում է կինեմատոգրաֆը տեսախաղերի, հատուկ էֆեկտների վազքամրցման վերածել:
«Արվեստի կարիք ունեն միայն փոքր ազգերը, այնպիսիք, ինչպիսին են հայերն ու սերբերը: Մենք պետք է պահպանենք մեր ազգային արժեքները, մշակույթն ու հավատքը: Ավելին, մենք պարտավոր ենք դա անել»,- ասաց նա:
Նա հավելեց, որ հազիվ թե իր ֆիլմերը երբևէ ներկայացվեն «Օսկար» մրցանակի, քանի որ դրա համար պետք է հաղթահարել չափազանց շատ գաղափարախոսական պատնեշներ:
«Հոլիվուդը ամերիկյան իշխանությունների գաղափարախոսական քարոզչության ամենահզոր գործիքներից մեկն է, և այնպիսի ռեժիսորներին, ինչպիսին ես եմ, այնտեղ տեղ չկա»,- ասաց Կուստուրիցան:
Ռեժիսորի դեբյուտը 1981 թ.-ին էր՝ «Հիշո՞ւմ եք, արդյոք, Դոլի Բելին» ֆիլմով: Հաջորդ ֆիլմը թողարկվեց միայն 4 տարի անց՝ 1985 թ.-ին, այն կոչվում էր «Հայրիկը գործերով է գնացել»:
Ֆիլմը Կուստուրիցային «Ոսկե արմավենու ճյուղ» բերեց, «Օսկարի» անվանակարգ և համաշխարհային հռչակ:
Նրա երրորդ՝ «Գնչուների ժամանակը» ֆիլմը ևս դրական արձագանքի և Կաննի կինոփառատոնի մրցանակի արժանացավ:
Բացի իր ռեժիսորական աշխատանքից կինոյում, Էմիր Կուստուրիցան նաև ռեժիսուրա է դասավանդում ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում:
Կուստուրիցան հայտնի է նաև որպես «The no smoking orchestra» ռոք-խմբի մասնակից: -0-