Հայկական ութ ուժեղագույն ֆուտբոլային ակումբները կխաղարկեն Հայաստանի 2010 թ.-ի գավաթը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում ուրբաթ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի 2009 թ.-ի առաջնության ժամանակ լավագույն արդյունքը ցուցադրած չորս ակումբներին («Փյունիկ», «Միկա», «Ուլիս» և «Բանանց») ավելացան «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Իմպուլսը»: Նման կերպով որոշվեցին քառորդ եզրափակչի զույգերը:
Քառորդ եզրափակչի զույգերն են՝ «Փյունիկ» - «Իմպուլս», «Ուլիս» - «Գանձասար», «Բանանց» - «Շիրակ» և «Միկա-Կիլիկիա»:
Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 23-24-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 6-7-ին: Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան ապրիլի 13-14-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 20-21-ին: Եզրափակիչը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա մայիսի 9-ին:
«Գավաթի խաղարկության ժամանակ չկան թույլ թիմեր, գնահատականները կտան մարզիչները, սակայն արդեն առաջին հայացքից երևում է, որ «Փյունիկին» բաժին է ընկել լավ կազմակերպված մրցակից», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը վիճակահանության արդյունքները մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը:
Փոխչեմպիոն «Միկայի» գլխավոր մենեջեր Նիկոլայ Մուսայելյանն իր հերթին նշեց, որ այս փուլում մեծ տարբերություն չկա, թե ում հետ խաղալ: «Ի՞նչ ասեմ, վիճակահանությունը տեղի է ունեցել, պետք է խաղալ», - հայտարարել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Ֆեդերացիայում նաև տեղի է ունեցել առաջին լիգայի աղյուսակի վիճակահանությունը, որի համաձայն՝ ավելի ուշ կմշակվի 2010 թ.-ի սեզոնի օրացույցը:-0-