ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիայի երկյուղը՝ կապված ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց «Դաշնակցություն» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:
«Այսօր ակնհայտ դարձավ, թե ինչքան է Թուրքիան զգուշանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և որքան լուրջ ճնշում է դա Թուրքիայի վրա»,- ասաց Ռուստամյանը։
Միաժամանակ նա նշեց, որ Ցեղասպանության ճանաչումը չպետք է առևտրի առարկա դառնա։ «Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև այն բոլոր երկրների համար, որոնք հարգում են համամարդկային արժեքները և որպես իրենց գլխավոր խնդիր են հռչակել մարդու իրավունքների համար միջազգային պայքարը»,- նշեց նա։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:--0—