ԱՄՆ Կոնգրեսում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևի քննարկումը։
Բանաձևի քննարկմանը մասնակցելու նպատակով մարտի 3-ին Վաշինգտոն է մեկնել հայ խորհրդարանականների պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը և Կորյուն Նահապետյանը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
30 կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին ջանքեր գործադրել ճիշտ որոշում ընդունելու այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումներին և հայոց ցեղասպանությանը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-