Ուկրաինան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ, hինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
«Մենք դրական ենք վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ավելին, մեր երկիրը շահագրգռված է այդ երկրների հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ»,- ասաց Բոժկոն։
Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բարդ և երկար գործընթաց է, այդ պատճառով էլ բանակցությունների յուրաքանչյուր փուլ ինքնին դրական առաջխաղացում է։
«Այն, որ երկար պատմական ժամանակահատվածից հետո այդ երկրները սկսել են խոսել միմյանց հետ և այսօր բանակցություններ են վարում, արդեն մեծ առաջընթացի մասին է վկայում։ Ներկայում հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ շատերն են շահագրգռված, և դրա համար մեծ ջանքեր են գործադրվում»,- հայտնեց նա։ -0-