ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԺԿ-ի առաջնորդը կարևորում են ԵՄ երկրների և ԵՄ-ի արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձևավորումը

04.03.2010, 14:59
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԺԿ-ի առաջնորդը կարևորում են ԵՄ երկրների և ԵՄ-ի արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը  հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են ԵՄ երկրների և ԵՄ-ի արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձևավորումը:

«Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արևելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարևորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ-ի արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձևավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև նոր ձևաչափով համագործակցությանը», - հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը և Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: -0-