Ամերիկացի սնոուբորդիստուհիները կաջակցեն Հայաստանում սնոուբորդի զարգացմանը, ասաց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
Երկու ամերիկացի պրոֆեսիոնալ սնոուբորդիստուհիներ Էմբեր Սթեքհաուսն ու Էրին Քոմսթոքը մարտի 3-7-ը կլինեն Հայաստանում՝ որպես Սպորտի պատվիրակներ:
«Կարծում եմ, որ այս այցը կնպաստի Հայաստանում սնոուբորդի զարգացմանը», - հինգշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Ստեփանյանը տեղեկացրեց, որ հյուրերը ներկա կլինեն սնոուբորդի բաց առաջնությանը, որը մարտի 6-ին կանցկացվի Ծաղկաձորում, կտան մարզական վարպետության դասընթացներ, կբացեն թեմատիկ ցուցահանդեսն ու սնոուբորդի մրցումներում հանդես գան դատավորների դերում:
Սնոուբորդիստուհի Էրին Քոմսթոքը լրագրողներին ասաց, որ արդեն եղել է Ծաղկաձորում և հիացած է այնտեղի պայմաններով, որոնք նունիսկ ավելի լավն են, քան ԱՄՆ-ում:
Հայաստանի որոշ բուհերում սնոուբորդիստուհիները կներկայացնեն ֆիլմ սնոուբորդի քարոզչության համար:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ մարզուհիների այցի կազմակերպմանն աջակցելու համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության մշակույթի բաժնի ղեկավար Սյուզն Բրայդենսթայնն իր հերթին ասաց, որ այս այցը կազմակերպված է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Սպորտի պատվիրակներ» ծրագրի շրջանակներում:
Նա ընդգծել է, որ սա Հայաստանում անցկացվող առաջին նմանատիպ ակցիան է, և սնոուբորդիստուհիներն առաջին անգամ են մասնակցում Պետդեպարտամենտի ծրագրին:
«Սա բավականին երիտասարդ մարզաձև է, որը չնայած սկզբնական փուլում խոչընդոտների էր հանդիպում լեռնադահուկորդների կողմից, սակայն բուռն զարգացում ստացավ և դարձավ օլիմպիական մարզաձև», - ասաց Բրայդենսթայնը:
Նշելով, որ սնոուբորդը Ամերիկայի երիտասարդության համար կենսաոճ է՝ դեսպանատան ներկայացուցիչը հույս հայտնեց, որ նման հայտնի մարզիկների այցը կնպաստի Հայաստանում կանանց սպորտի զարգացմանը:-0-