Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելի Հայաստան

03.03.2010, 14:20
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելի Հայաստան
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելի Հայաստան

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը եռօրյա այցով մարտի 16-ին կայցելի Հայաստան, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պատրիարքի այցի մանրամասները քննարկվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում։

Այցի մանրամասները ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մարտի 16-ին կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկատարվի համաձայնագրի կնքում Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև որպես քույր քաղաքների»։

Այնուհետև Հովվապետերը ծաղկեպսակ կզետեղեն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին:

Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ «Հիշողության» պուրակում:

Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական  համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք:

Մարտի 18-ին ծրագրված է Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաև Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն և պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երևանի Պետական համալսարանում և երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան: -0-