Երևանի քաղաքապետարանի ավագանու խորհուրդը ոչ մի հարկ չի սահմանել ընտանի կենդանիների վրա, ինչպես դա ասվում է ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներում, ասվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքում:
«Թյուրընկալումը և ապատեղեկատվությունը բացառելու համար նշենք, որ նախ Երևանի ավագանին որևէ նոր հարկատեսակ չի սահմանել. այդպիսի լիազորություն ավագանուն վերապահված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` Երևանի ավագանին պարզապես կիրառել է դեռևս 1997 թվականին ԱԺ-ի ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը: Ի դեպ, կենդանիներ պահելու համար հարկ ընդհանրապես նախատեսված չէ: Խոսքն իրականում տուրքի մասին է, որն այս դեպքում գանձվում է տարին մեկ անգամ՝ 5000 դրամ։
2010 թվականի համար Երևանի ավագանին որոշել է օրենքը կիրառել Երևան համայնքում: Ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքը սահմանվել է 5000 դրամ։
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ խոսքը միայն շների ու կատուների մասին է:
«Այս տուրքը կիրառելու շնորհիվ համայնքային բյուջե ակնկալվող մուտքը մոտ 1 մլն դրամ է. նախնական հաշվարկը կատարված է Կենտրոն վարչական շրջանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման որոշման ընդունումը հենց հիմա, քաղաքապետարանում պարզաբանեցին, որ Ավագանու խորհրդի ձևավորումը դեռևս մեկ տարի էլ չկա:
«Մայրաքաղաքի ներկայիս ղեկավարությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու օրենքը նախկինում չի կիրառվել»«- ասաց գործակալության զրուցակիցը: -0-