ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Թուրքիային վավերացնել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու վերաբերյալ արձանագրությունները՝ առանց նախապայմանների, ասել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը:
«Եվրամիությունը սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված գործընթացը և կոչ անում երկրներին հավատարիմ մնալ այդ գործընթացին: ԵՄ-ն կոչ է անում երկրներին վավերացնել և իրականացնել առանց նախապայմանների արձանագրությունները»,- երեքշաբթի Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մորատինոսը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Ինչպես նշել է Մորատինոսը, ԵՄ-ն ողջունում է Հ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունները խորհրդարան ուղարկելու փաստը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու մտադրությունը:
Մորատինոսը նշել է, որ ԵՄ-ն կաջակցի ու կխրախուսի հայ-թուրքական գործընթացը՝ ավելացնելով, որ արձանագրությունների ստորագրումը բեկումնային պատմական պահ է դարձել երկրու երկրի հարաբերություններում: Նրա խոսքով, Եվրամիությունը «ցանկանում է ներգրավված լինել հայ-թուրքական գործընթացում»:
«Եթե արդեն կան ստորագրված փաստաթղթերը, ապա գործընթացը պետք է շարունակվի, և արձանագրությունները պետք է կյանքի կոչվեն»,- վստահ է Մորատինոսը:
Եվրոպական Միության պատվիրակությունը՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ, Հայաստանի է ժամանել մարտի 2-ին: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-