ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շուտափույթ վերականգնման համար անհրաժեշտ է էկոնոմիկայի դիվերսիֆիկացում, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
«Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը կհանգեցնեն տնտեսության ավելի լավ դիվերսիֆիկացման»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։
Միաժամանակ Վարուդակիսը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, զբոսաշրջության և առողջապահության ոլորտների խթանման ուղղությամբ։
«Քայլեր են ձեռնարկվում նաև ներդրումային միջավայրի բարելավման, կոռուպցիայի նվազեցման, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների վարչարարության բարելավման ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ գործողությունները ճիշտ ուղղությամբ են տարվում, և ՀԲ-ն ողջունում է դրանք։ -0-