Հայաստանի նախագահը մասնակցել է Յանուկովիչի երդմնակալության արարողությանը

25.02.2010, 19:09
Հայաստանի նախագահը մասնակցել է Յանուկովիչի երդմնակալության արարողությանը
Հայաստանի նախագահը մասնակցել է Յանուկովիչի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Կիևում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը, հայտնում է երկրի  ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

«Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Կիև ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վիկտոր Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը և պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երևան:-0-