Հայաստանի գլխավոր դատախազությունը մտահոգված է դատախազության շենքի մոտ հայ ֆոտոլրագրողի հետ պատահած միջադեպով
Հայաստանի գլխավոր դատախազությունը մտահոգված է Գլխավոր դատախազության շենքի մոտ հայ ֆոտոլրագրողի հետ պատահած միջադեպով։
«Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և, վերջինիս բնորոշմամբ, մոտ 30 տարեկան երիտասարդի միջև տեղի ունցած միջադեպի կապակցությամբ», - ասվում է հինգշաբթի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։
Շամշյանը դեպքի մասին բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները:
«Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը և մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն»,- ասվում է հաղորդագրությունում։ Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
Ինչպես հինգշաբթի ասուլիսում հայտարարեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, լրագրողներից առայժմ բողոքներ չեն ստացվել։ -0-