Ազգային Նոր Պահպանողական Շարժումը կոչ է անում Չինաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ԼՂՀ անկախությունը

24.02.2010, 17:36
Ազգային Նոր Պահպանողական Շարժումը կոչ է անում Չինաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ԼՂՀ անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային Նոր Պահպանողական Շարժումը կոչ է անում Չինաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ԼՂՀ անկախությունը, ասվում է Շարժման տարածած հայտարարության մեջ:

«2009 թ. հուլիսին Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցած հակապեկինյան,  դրսևորումները, մի շարք երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականության արդյունքն էին, որոնք նպատակ էին հետապնդում քաոսի ու պատերազմի մեջ ներքաշել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խաղաղասեր ժողովուրդներին: Պանթուրքական գաղափարախոսությունը դավանող սադրիչները, ցավոք սրտի, այսօր աշխարհում չեն արժանանում միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի, ինչը թույլ է տալիս Թուրքիայի մի շարք պաշտոնյաների կտրուկ հայտարարություններ անել»,- ասվում է հայտարարության մեջ:

Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարություններն ի պաշտպանություն Սինցզյան-Ույգուրական նահանգում գործող պանթուրքիստ սադրիչների գործողություններին, ընդգծեց կովկասյան տարածաշրջանի կարևորությունը ՉԺՀ անվտանգության ապահովման ու կայուն զարգացումն ապահովելու համար:

«ՉԺՀ-ն լինելով Ասիայի առաջատար երկրներից մեկը, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հանդիսանալով մշակույթաստեղծ ու համաշխարհային քաղաքակրթության համամարդկային արժեքների կրող և պահապան երկիր, կոչ ենք անում` ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, իբրև պատմական արդարության վերականգման փաստ ճանաչել ադրբեջանական 70-ամյա բռնազավթումից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ձեռք բերած անկախությունը»,- նշում են Ազգային Նոր Պահպանողական Շարժման Կենտրոնական Կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-